Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Փաստաթղթերը վկայում են, որ հայ բժիշկները հայտնի էին Լեհաստանում և համարվում էին երկրի ամենափորձառու բժիշկները: Պատմությունը պահպանել է XVI-XIX դարերում Լեհաստանի հայկական գաղթօջախներում ապրած մի շարք նշանավոր բժիշկների և դեղագործների անուններ:

 

Ժոզեֆուս Թորոսիեվիչ (1784/85-1869)

Հայտնի է նաև Յոզեֆ կամ Յուզեֆ Թորոսևիչ, Իոսիֆ Թորոսովիչ և Հովսեփ Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, բժշկության դոկտոր, հասարակական գործիչ, բարերար: Ծնվել է 1784/85թ., Գալիցիայի Լեմբերգ (Լվով) քաղաքում: Հայրը` Թեոդորոս Թորոսյանը վաճառական էր: Հովսեփը սկզբնական կրթությունը ստացել է Լեմբերգում: Սովորել է Լեմբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Հետագայում տեղափոխվել և ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որը բժշկության դոկտորի կոչումով ավարտել է 1810թ.: Երկար տարիներ որպես զինվորական բժիշկ ծառայել է Գալիցիայի բանակում: Զորացրվելուց հետո բժիշկ է աշխատել Գալիցիայի Ստանիսլավ քաղաքում, որտեղ աչքի է ընկել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարդասիրությամբ: Եղել է հանրահայտ բարեգործ: Աղքատ և որբ հայ պատանիներին կրթություն տալու նպատակով, հայ հոգևորական Կայետան Կայետանովիչի (1817-1900) հետ միասին, սեփական միջոցներով հիմնադրել և 1865թ. փետրվարի 9-ին Լվովի Լեսյա Ուկրաինկայի փողոցի N 21 տանը բացել է «Թորոսյան դպրոցական հիմնարկությունը», որը ըստ էության լինելով գիշերօթիկ դպրոց (ինստիտուտ, հայոց ուսումնագիտական հաստատություն, կրթական համալիր), իր գոյության երկար տարիների ընթացքում հայեցի դաստիարակել է բազմաթիվ հայ պատանիների: Դպրոցը գործել է մինչև 1914թ.: 

  

Թորոսիևիչը մեծ դեր է կատարել տեղական հանքային ջրերի ուսումնասիրության և բուժական նպատակներով կիրառման գործում, որոնցից մեկը կոչվել է նրա անունով: 1812թ. պարգևատրվել է «Վիրտուտիմիլիտարի» մեդալով: Ամուսնացած չի եղել:

 

Մահացել է 1869թ. մայիսի 25-ին, Լվովում, որտեղի Լիչակովյան գերեզմանատանն էլ կողք կողքի գտնվում են նրա և Կայետան Կայետանովիչի դամբարանները: Թորոսիևիչի մահարձանին պատկերված է աթոռին նստած հայ գյուղացու տարազով ծերունի` գրկին երկու գանգրահեր մանուկներ, որոնք նայում են նրան: Պատվանդանին ագուցված սալաքարին լեհերեն փորագրված է.«ժոզեֆ Թորոսիևիչ, բժշկության դոկտոր, Հայոց ուսումնագիտական հաստատության հիմնադիր. 1784-1869»: Մարմարյա կիսանդրին դրված է հայկական եկեղեցու բակում: Լվովի հայկական սբ. Աստվածածին եկեղեցու հարավային սյունասրահի արևելյան հատվածում` պատի վրա ագուցված է նրա դիմաքանդակը, որի տակի մարմարե սալաքարին կա լեհերեն արձանագրություն. «Դր. ժոզեֆուս Թորոսիևիչ/ Ինստիտուտի հիմնադիր ... Ծնվ. 1785, մահ. 1869»:

 

Թեոդոր Թորոսեվիչ (1789-1876)

Հայտնի է նաև Թեոդորոս Բոգդանովիչ Թորոսևիչ կամ Թադևոս Ասատուրի Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, դեղագետ, քիմիկոս, գյուտարար, հանքային ջրերի հայտնի ուսումնասիրող, հասարակական գործիչ: Ծնվել Է 1789թ., Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել Է տեղի գիմնազիայում: 1812թ. ավարտել Է Վիեննայի համալսարանի քիմիադեղագործական ֆակուլտետը: 1815թ. որպես դեղագործ աշխատել Է Լվովի տարբեր դեղատներում: 1819թ. Լվովի Լիչակովսկու փողոցի N 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը, որտեղ կահավորել է հոյակապ լաբորատորիա և ծավալել արդյունավետ գիտահետազոտական գործունեություն: Այսօր դա Լվովի N 12 դեղատունն է: Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկությունները, և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի: 1836թ. աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել: Հանդիսանում է Տրուսկավեցի, Նեմիրովի, Շկլոի, Դրոգոբիչի և Լեհաստանի մյուս առողջարանների հանքային ջրերի բուժիչ հատկությունների առաջին ուսումնասիրողներից մեկը: Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանտ»,«Մարիա»,«Նավթա» («Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրերի քիմիական հետազոտությունը: Դրանց շրջակայքում հայտնաբերել է հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արտադրության զարգացմանը: Հեղինակ է բնագիտությանը և քիմիային վերաբերող 106 գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է: Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ: Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների: Ակտիվորեն մասնակցել է Լվովի հասարակական կյանքին:

 

Մահացել է 1876թ., Լվովում: Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը: Մահարձանին լեհերեն գրված է.«Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ: Փառք նրա հիշատակին»:

 

Լվովի դեղատնային գործի պատմության թանգարանում ցուցադրված են բժշկության աստված Ասկլեպիոսի և նրա դուստր Հիգիեայի բրոնզե արձանները, որոնք պատկանել են Թեոդոր Թորոսևիչի N 9 դեղատանը: Տրուսկավեց քաղաքում և Լվովշչինայում այսօր էլ հարգում են նրա հիշատակը, որպես մեկը նրանցից, ովքեր վերհանեցին «Նաֆտուսի» ջրի մի շարք արժեքավոր հատկություններ: Նրա դիմանկարը, որ կատարել է Ա. Ռեյխմանը, պահվում է պատմության թանգարանում, իսկ Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում ցուցադրված է նրա կիսանդրին: 1977թ. հունիսի սկզբին, երբ Տրուսկավեց քաղաքում նշվում էր առողջարանի հիմնադրման 150-ամյակը, քաղաքային զբոսայգու հանքային ջրերի ըմպելասրահի պատին փակցվեց բրոնզե հուշատախտակ` Թորոսևիչի դիմանկարով և ռուսերեն գրությամբ.«Տրուսկավեց առողջարանի բուժիչ հանքային ջրերի առաջին ուսումնասիրողին` Թեոդոր Թորոսևիչին, առողջարանի 150-ամյակի առթիվ. 1827-1977»: 1989թ. հանդիսավորությամբ նշվել է նրա ծննդյան 200-ամյակը: Լվովում նրա անունով փողոց կա:

 

 

Իգնացի Լուկասիեվիչ (1822-1882)

Հայտնի է նաև Իգնատի Լուկաշևիչ անունով:

 

Հանրահայտ դեղագործ, գյուտարար: Ծնվել է 1822թ. մարտի 8-ին, ոչ հարուստ հայի ընտանիքում: Եղել է Սվիետլիկներ Յուզեֆի և Ապոլինայի 6-րդ զավակը: 1832-36թթ. սովորել է ժեշով քաղաքի գիմնազիայում: Հոր մահից հետո նյութական դժվարությունների պատճառով ուսումը կիսատ է թողել: 1836-46թթ. աշխատել է Լանցուտայի և ժեշովի դեղատներում, որպես դեղագործի օգնական: 1840թ., քննություն է հանձնել դեղագործի օգնական աշխատելու համար:

 

1837թ. անդամագրվել է «Լեհական ազգի համընդհանուր կոնֆեդերացիային»: 1840թ. կապված հայրենասիրական գործունեության հետ, ենթարկվել է ոստիկանական հետաքննության: Ազգային ազատագրական շարժմանը մասնակցելու պատճառով 1846-47թթ. ձերբակալվել և կալանավորվել է ժեշովի, ապա Լվովի բանտերում և ապացույցներ չլինելու պատճառով ազատ արձակվել:

 

1848թ. վերադարձել է դեղագործի օգնականի նախկին աշխատանքին: 1850թ. ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի դեղագործական ֆակուլտետը, իսկ 1852թ. վաղաժամկետ ստացել Վիեննայի համալսարանի դեղագործի դիպլոմ: 1854թ. դեղատուն է վարձել Գոռլիցեում, որտեղ 1855թ. խոլերայի համաճարակի ժամանակ զբաղվել է հիվանդների բուժմամբ: 1857թ., երբ ցանկացել է տեղափոխվել Յասլե, տեղի հրեաների խորհուրդը նրան առաջարկել է փոխհատուցել վարձակալած դեղատան գումարը, որպեսզի նա մնա Գոռլիցեում և շարունակի բուժել մարդկանց: 

 

Լուկասիևիչը համարվում է կերոսինի արդյունաբերության հիմնադիրը: 1853թ. հուլիսին Լվովում, Պիոտր Միկոլասխայի դեղատան լաբորատորիայում, աշխարհում առաջին անգամ, նավթի ֆրակցիայից ստացել է կերոսին: 1853թ. հուլիսի 31-ին, Լվովի գավառային հիվանդանոցում սեփական նախագծով պատրաստած լամպը լիցքավորելով իր ստացած կերոսինով, այն կիրառել Է լուսավորության նպատակով, որը համարվում Է այդ ժամանակաշրջանի համաշխարհային տեխնիկայի նվաճումներից մեկը: Այդ լամպը այսօր ցուցադրված է Լեհաստանի Կրոսնո քաղաքի թանգարանում: 1854թ. Հարավ-արևելյան Լեհաստանի Կրոսնոյի շրջանի Բուբրկա տեղանքում հորատել Է առաջին նավթահորերը և կազմակերպել նավթի արդյունահանումը: 1862թ. Եվրոպայում առաջինն է կիրառել հորատանցքի փորման ամերիկյան եղանակը: 1880թ. Գոռլիցեում հիմնել է Լեռնային արդյունաբերության աջակցման ու զարգացման նավթային ընկերությունը, որը 1882թ.-ից հրատարակել է ՙԳոռնիկ՚ ամսագիրը: Մինչև կյանքի վերջին օրերը շարունակել է գիտական պրպտումները, ակտիվորեն մասնակցել հասարակական և բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին: 1857թ. ամուսնացել է Հոնորատա Ստախերսկայի հետ: 1873թ. Վիեննայի համընդհանուր ցուցահանդեսում Լուկասիևիչը արժանացել է միջազգային մեդալի: 1876թ. եղել է Լվովի Ազգային սեյմի պատգամավորի թեկնածու:

 

Մահացել է 1882թ. դեկտեմբերի 7-ին, Խոռուվկայում: Թաղված է Զրեցինայի մոտակայքում, որտեղ եկեղեցի էր կառուցել: Կրակովի դեղագործության թանգարանում պահվում են այս հանճարեղ հայորդուն պատկանած կահույքը, դիմանկարները, ձեռագրերը, հուշամեդալները: Նրան կոչել են մարդ, որը «լույս պոկեց հողից»: Լեհաստանի տարբեր քաղաքներում կան նրան նվիրված հիշարժան վայրեր, հուշաթանգարաններ, հուշարձաններ, հուշատախտակներ, մեդալներ, գրքեր: Նրա անունով է կոչվում Լեհաստանի Լոնժկու Օրդինացկում գտնվող դեղագործական դպրոցը:

 

1878թ. Կրակովում թողարկվել է Լեհաստանի նավթարդյունաբերության 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալը, որի մեկ օրինակը պահվում է Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության թանգարանում:

  

Հեղինակ. Հարություն Մինասյան «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ